Ասել ենք` ուշ շրջանի Լևոն Տեր-Պետրոսյանն ինչին դիպչում, փոշիացնում է: Ժամանակին նրա կողքին կանգնած էր ոչ անհայտ, մեզանում քիչ պատահող «յուրոփ» մտածողության կրող, գործարար Խաչատուր Սուքիասյանը, ով անխոնջ մարտնչեց հանուն Լևոնի` 2008-ի «սոցիալիստական» հեղափոխության ողջ ընթացքում և եղավ միակ «կուլակաթափը»:
Հիմա արդեն Տեր-Պետրոսյանը «բուրժուադեմոկրատական» հեղափոխություն է «անում»` արդեն «թագավոր ախպեր», ԲՀԿ առաջնորդ, «Իվանիշվիլի-Ծառուկյանի» հետ:
Ինչի՞ համար է դա Լևոնին պետք:
Դա նրա կայացման ֆենոմենն է: Ոչ նյութական: Ենթագիտակցական: Սուբլիմացիոն: Լևոնի հոգին, ընդդիմադիր «ջրերի» մոտ թափառելուց հետո, իջնում է սրա-նրա, իսկ այս պահին` Ծառուկյան Գագիկի վրա, ապահով տեղավորվում նրա մարմնում, մնացածն արդեն` «պոլտերգեյստի» օրենքով. ԲՀԿ ղեկավարին ու իր թիմակիցներին թվում է, թե Ծառուկյանն ապագա վարչապետն է, Իվանիշվիլին է, նախագահն է, ընդդիմադիր է, իմա` ինքն ինքը չէ։
Ասել է` իրականում «նույնականացում» է տեղի ունենում ոչ թե Իվանիշվիլու և Ծառուկյանի միջև, այլ Լևոնի ու Ծառուկյանի, և միստիկ, իմաստուն, հոգեխանգարիչ Լևոնը Ծառուկյանի ու ԲՀԿ-ի ողերում ինքնաոչնչացման բացիլ է ներարկում:
Արդյունքում Լևոնը կլլում է նրան, հանց կլլեց ամենքին: Բնույթն է այդպիսին: Կարծում ենք` այս մասին շատ լավ գիտի նաև Սերժ Սարգսյանը (նա էլ միստիկայից որոշ բաներ հասկանում է) և թույլ է տալիս, որ լինի՛ այդպես:
Իսկ Քոչարյա՞նը, ինչո՞ւ է թույլ տալիս իր կապիտալի նման «կլանում»:
Նա էլ իր հերթին կարծում է, թե Գագիկ Ծառուկյանը «նույնականացված» է ոչ թե Լևոնի, այլ բացառապես իր հետ, և հաղթողն ինքն է լինելու, որովհետև 98-ին ինքը Լևոնին «նույնականացրեց» իրեն:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ